ԱՄՆ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսը և Դոնալդ Թրամփը նոյեմբերի քվեարկությունից առաջ անցկացրել են իրենց առաջին և, հավանաբար, միակ նախընտրական հեռուստաբանավեճը ABC News-ի ուղիղ եթերում, գրում է BBC-ն։ Բանավեճը տեղի է ունեցել ընտրությունից երկու ամիս առաջ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Քաղաքական գործիչները, պատասխանելով ABC-ի հաղորդավարների հարցերին, քննադատել են միմյանց և մեղադրել ստելու համար։
Հարցերը վերաբերել են ԱՄՆ տնտեսությանը, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում տիրող իրավիճակին, միգրացիայի խնդրին:
Քամալա Հարիսը խոստացել է օգնել փոքր բիզնեսին, երիտասարդ ընտանիքներին և լուծել բնակարանային ծախսերի խնդիրը։ «Այն ամենը, ինչ մենք՝ դեմոկրատներս, արել ենք, դա Դոնալդ Թրամփի ստեղծած խառնաշփոթը մաքրելն է»,- ասել է Հարիսը։
Թրամփն իր հերթին դեմոկրատներին է մեղադրել ԱՄՆ-ի «սարսափելի տնտեսության» համար, որի պատճառը գնաճն է: Չորս տարում, ինչպես Թրամփն է ասել, դեմոկրատները «քանդեցին տնտեսությունը»։
Պատասխանելով 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին հաղորդավարի հարցին՝ Թրամփը կրկնել է, որ հարձակումը չէր լինի, եթե ինքը լիներ Միացյալ Նահանգների նախագահը։
Հարիսն էլ կրկնել է, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք, սակայն կարևոր է, թե ինչպես է դա անում։
Ինչ վերաբերում է Ուկրաինայի պատերազմին, Թրամփը հայտարարել է, որ պատերազմը պետք է ավարտվի՝ պնդելով, որ եթե ինքը լիներ նախագահ, «Ռուսաստանը երբեք չէր ներխուժի Ուկրաինա»։
Հարիսը, դիմելով իր հակառակորդին, ասել է. «ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցները շատ շնորհակալ են, որ դուք այլևս նախագահ չեք»: Ըստ Հարիսի, եթե Թրամփը լիներ նախագահ, Պուտինը «հենց հիմա նստած կլիներ Կիևում՝ նայելով մնացած Եվրոպային՝ սկսած Լեհաստանից»։
Բանավեճի ժամանակ թեկնածուները պատասխանել են նաև ամերիկացիներին անհանգստացնող խնդրին՝ միգրացիային: Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում անվտանգության իրավիճակը վատթարացել է անօրինական միգրանտների պատճառով։ Նրա խոսքով՝ Բայդեն-Հարիսի վարչակազմը «միլիոնավոր միգրանտների և հանցագործների» թույլ է տվել մուտք գործել երկիր։ Նախկին նախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ են «ամուր սահման և ամուր պատեր»։
Փոխնախագահ Հարիսն էլ Թրամփին մեղադրել է արգելափակելու համար այն օրենսդրությունը, որը սահմանապահ ծառայությանը ավելի շատ անձնակազմ կտար՝ թիրախավորելու անդրազգային հանցավոր կազմակերպություններին, որոնք վաճառում են զենք, թմրամիջոցներ և մարդկանց:
Ազգային հարցումները ցույց են տալիս, որ թեկնածուների միջև տարբերությունը դեռ շատ փոքր է։ ԱՄՆ նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերին։