ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պաշտոնապես մեղադրել են Իրանին Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու նպատակով, գրում է BBC-ն։
Ի պատասխան՝ ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցներ է կիրառել Իրանի գլխավոր ավիափոխադրողի՝ Iran Air-ի նկատմամբ «Ռուսաստանի Դաշնության տնտեսության տրանսպորտային ոլորտում գործունեության համար»։
Ուկրաինան հայտարարել է, որ կդիտարկի Իրանի հետ հետագա հարաբերությունների տարբերակները, ընդհուպ դրանց ամբողջական խզումը, եթե «Մոսկվան կիրառի իրանական բալիստիկ հրթիռները՝ Ուկրաինայի տարածքը հրթիռակոծելու համար»։
Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում ամերիկյան հեռահար հրթիռներով ռուսական տարածքին հարվածելու արգելքի վերացումը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի մի խումբ հանրապետականներ նամակ են հղել նախագահ Բայդենին՝ կոչ անելով վերացնել ԱՄՆ-ի հեռահար հրթիռների, մասնավորապես՝ ATACMS-ի օգտագործման սահմանափակումները Ռուսաստանում թիրախներին հարվածելու համար: