Ամերիկյան լրատվամիջոցները մեկնաբանել են Թրամփ-Հարիս հեռուստաբանավեճը: Գրեթե բոլորն այն կարծիքին են, որ ԱՄՆ նախագահի թեկնածուների նախընտրական հեռուստաբանավեճն ավարտվել է առանց թեկնածուներից մեկի ակնհայտ հաղթանակի։ Սակայն Քամալա Հարիսի հեռանկարները բարելավվել են:
Լրագրող և CNN-ի սյունակագիր Քրիս Ուոլեսը կարծիք է հայտնել, որ բանավեճը կործանարար է եղել Դոնալդ Թրամփի համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ փոխնախագահը «նոկաուտի է ենթարկել» նախկին նախագահին՝ գրեթե բոլոր թեմաներով և իրեն հստակ ներկայացրել որպես «փոփոխությունների թեկնածու»։
Ըստ Politico թերթի՝ Թրամփը «մեկ անգամ չէ, որ հեռուստաբանավեճի ժամանակ ընկել իր մրցակցի նետած կարթը»։ «Արդյունքում՝ Թրամփը հայտնվեց պաշտպանական դիրքում և դժվարացավ հարվածներ հասցնել նույնիսկ այն ժամանակ, երբ խոսակցությունը վերաբերում էր իր համար բարենպաստ թեմաներին՝ ներգաղթին և տնտեսությանը»,- գրել է պարբերականը։
The Wall Street Journal-ը մատնանշել է, որ Հարիսը բանավեճում կարողացել է խուսափել իր մրցակցի հարձակումներից: «Թրամփը, մեծ մասամբ, բռնցքամարտում էր իր ստվերի հետ և բաց էր թողնում մրցակցին հավասարակշռությունից հանելու հնարավորությունները»,- գրել է թերթը և եզրակացրել.
«Հանդիպման ընթացքում եղան շատ լարված պահեր, բայց նոկդաուն տեղի չունեցավ, որը կարող էր արմատապես փոխել դինամիկան նոյեմբերին չափազանց լարված ընտրության նախօրեին»։
Bloomberg գործակալությունը նշել է, որ «Թրամփը բանավեճը սկսեց Հարիսի գործունեության արդյունքների վրա կետային հարձակումներով, սակայն հետո անցավ պաշտպանության։ Հարիսը հարվածներ հասցրեց, որոնց Թրամփը դժվարությամբ հակադարձեց»:
Նույնիսկ Թրամփին աջակցող Fox News հեռուստաալիքը Դուգ Շենի սյունակում խոստովանել է, որ Հարիսն «ակնհայտորեն շահել է նախկին նախագահ Թրամփի հետ իր միակ բանավեճը»:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ներկայումս նախագահական ընտրապայքարում ակնհայտ ֆավորիտ չկա:
Բանավեճի երկրորդ փուլը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին։ Դրանով շահագրգռված լինելու մասին է հայտնել Հարիսի շտաբը, իսկ Թրամփը հայտարարել է, որ կարող է դիտարկել դրա անցկացումը «արդար հեռուստատեսային ցանցի» հարթակում։