Սեպտեմների 11-ին Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հրավիրել է 1506-րդ հանդիպումը: Հանդիպման ավարտին, ըստ ԵՄ մամուլի ծառայության, ընդունվել է հետևյալ հայտարարությունը Ադրբեջանի վերաբերյալ:
«ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) 114-րդ լիագումար նիստում (2024 թ. հուլիս) Ադրբեջանի վերաբերյալ ընդունված հրապարակային հայտարարությունը: Մենք ափսոսում ենք Ադրբեջանի իշխանությունների և կոմիտեի միջև համագործակցության շարունակական բացակայության համար ու կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին վերսկսել կառուցողական երկխոսությունը կոմիտեի հետ»,- ասվում է հայտարարության մեջ: Փաստաթուղթը նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին՝ լուծել Կոմիտեի հայտարարության մեջ բարձրացված հարցերը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան, ներառյալ այն, որ Ադրբեջանը ստանձնել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ։
«ԵՄ-ն անհանգստացած է Ադրբեջանում վերջին ձերբակալություններով, որոնք ավելացնում են անցյալ տարի սկսված անկախ լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալությունների մտահոգիչ միտումը:
Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել թափանցիկություն և պատշաճ իրավական ընթացակարգ, արժանապատիվ և անվտանգ պայմաններ բոլոր ձերբակալվածների համար, ներառյալ՝ նրանց լիարժեք հասանելիությունը առողջապահական և անկախ իրավաբանական ծառայություններին, ինչպես նաև լուծել լուրջ հիմնախնդիրները՝ կապված խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հետ:
Եվրամիությունը հանձնառու է շարունակել երկխոսությունն Ադրբեջանի հետ մեր համագործակցության բոլոր առանցքային ոլորտներում, ներառյալ՝ մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը՝ մեր ընդհանուր միջազգային պարտավորություններին համապատասխան»,- գրված է հայտարարության մեջ։
Վերջում նշվում է, որ այս հայտարարությանը միացել են հետևյալ երկրները՝ Հայաստանը, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն, Միացյալ Թագավորությունը: