Սեպտեմբերի 12-14-ը Երևանում կայանալիք Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովին սպասվում է մոտ 60 երկրից ավելի քան 150 երիտասարդ խորհրդարանականի մասնակցություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Միջոցառումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության և Հայաստանի Ազգային ժողովի կողմից: Միջխորհրդարանական միության ամենամյա համաժողովը 45 տարեկանից ցածր երիտասարդ խորհրդարանականների համար եզակի գլոբալ հարթակ է՝ միմյանց հետ կապվելու, փորձի փոխանակման և միմյանց աջակցելու համար: Այս տարվա «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման կենտրոնացած է լուծումների վրա՝ ապահովելու կրթության անխափան հասանելիությունը և երիտասարդների համար աշխատատեղերի ստեղծումը:
Համաժողովի բացմանը ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին կհաջորդեն Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի և Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենի ելույթները: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին, այն նպատակ ունի ամրապնդելու և երիտասարդացնելու ժողովրդավարությունը՝ դարձնելով ավելի ներկայացուցչական բոլոր սերունդների համար: Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը նպաստում է կազմակերպության աշխատանքին՝ խթանելու համար երիտասարդների մասնակցությունը խորհրդարաններում և ապահովելու երիտասարդ պատգամավորների լիարժեք դերակատարումը խորհրդարանի աշխատանքում: Համաձայն Միջխորհրդարանական միության վերջին տվյալների՝ մինչև 30 տարեկան պատգամավորները կազմում են ամբողջ աշխարհում խորհրդարանականների ընդամենը 2,86 տոկոսը, ինչն ընդգծում է ներկայացուցչական զգալի դեֆիցիտը՝ համեմատած նույն տարիքային խմբի աշխարհի բնակչության մոտ կեսի հետ:
Հայաստանը խորհրդարանում երիտասարդներին ներգրավելու լավ փորձ ունի՝ վերջին տարիներին մշտապես գլխավորելով Միջխորհրդարանական միության մինչև 30 տարեկան պատգամավորների վարկանիշը: