Ես վերջին իրադարձությունները վերլուծելով՝ կարծում եմ, որ կա մի հարց, որը կարող է բառախաղ թվալ, բայց, իմ կարծիքով` դա բառախաղ չէ, իսկապես հարց է, որի պատասխանը մենք պետք է գտնենք. Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր Սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ ընդդեմ Ադրբեջանի, թե նա ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսի բան կա: Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջին դեպքն ուրիշ դեպք է: Բայց եթե խոսքը երկրորդ դեպքի մասին է, տեսեք՝ որն է մեր առաջարկած տրամաբանությունը. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել: Ենթադրենք՝ մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիրը, որտեղ գրված է, որ Հայաստանը Ադրբեջանից, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ չունի, ճանաչում է նրա տարածքային ամբողջականությունը և պարտավորվում է ապագայում որևէ տարածքային պահանջ չներկայացնել: Այդ հարցը գնում է Սահմանադրական դատարան: Եթե ՍԴ-ն որոշում է, որ գիտեք ինչ՝ այս դրույթը մեր Սահմանադրությանը չի համապատասխանում, ՍԴ-ն արձանագրում է, որ մենք իրոք ունենք տարածքային պահանջներ Ադրբեջանից, մենք էլ ասում ենք՝ ժողովուրդ, սա արդեն ուրիշ իրավիճակ է, մենք պետք է դիրքավորվենք այս իրավիճակի նկատմամբ: Եթե ՍԴ-ն ասում է, որ համապատասխանում է Սահմանադրությանը և ուղարկում է ԱԺ, ԱԺ-ն էլ վավերացնում է՝ այն դրույթը, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ: Իսկ կարո՞ղ է օրենքներում կան այդպիսի դրույթներ, կարելի է մեկնաբանել նաև այդպես, իսկ երբ որ այդ պայմանագիրը վավերացվում է՝ ՀՀ գործող Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ բոլոր այն օրենքները, որ հակասում են, եթե օրենքը հակասում է վավերացրած միջազգային պայմանագրին, ուրեմն գերակայում է վավերացված միջազգային պայմանագիրը: Այսինքն՝ եթե թուղթը վավերացվում է, Ադրբեջանի մտահոգություններն ամբողջությամբ դուրս են գալիս: Այն՝ բա որ հետո տարածքային պահանջնե՞ր առաջ գան, հետո միշտ էլ տարածքային պահանջներ եթե առաջ գալու են՝ կգան, խաղաղության պայմանագիր լինի-չլինի, Սահմանադրության մեջ լինի, թե չլինի: Մարդկության պատմությունը տասնյակ, հարյուրավոր այդպիսի դեպքեր է տեսել»,- ասաց վարչապետը:
Նա նշեց, որ երեկ առիթ է ունեցել ասելու, որ մենք դրա մասին չենք խոսում, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ: «Բայց մենք այս հարցը չենք բարձրացնում, որովհետև խաղաղության պայմանագրի այս ընթացակարգը, որը մեր մոտ է տեղի ունենալու, հայելային տեղի է ունենալու նաև իրենց մոտ, և այդ հարցը լուծվելու է»:
Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց. «ՀՀ Սահմանադրության տեքստի մեջ չկան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և մենք չունենք տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ»: