Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրում կառուցվում է տիպային մանկապարտեզ՝ 50 երեխայի համար: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանը և Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ հետևել են աշխատանքների ընթացքին։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 264 մլն դրամ է, որի 70 տոկոսը տրամադրել է պետությունը։
Պատասխանատուները շինարարի հետ զրույցում փոխանցել են մարզպետի հանձնարարականը՝ մշտական ու աչալուրջ հսկողության ներքո պահել իրականացվող աշխատանքները և ապահովել դրանց անխափան ընթացքը։
Կառնուտ բնակավայր այցի շրջանակում աշխատակազմի պատասխանատուները դիտարկել են Հովհաննես Գաբոյանին պատկանող ֆերմերային տնտեսության գործունեությունը։ Ֆերմերն անցած տարիներին օգտվել է պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 28 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից՝ 8 գլուխ անգուս, 20 գլուխ սիմենտալ, «ՀՀ-ում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրի շրջանակներում էլ՝ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղատեսակի ոչխարներ։
Նշենք, որ պետական օժանդակության շնորհիվ ակտիվացել է տնտեսության գործունեությունը, կենդանիներից բացի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում ֆերմերը ձեռք է բերել կերաղաց-կերաբաշխիչ սարքավորում, իսկ «Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում էլ՝ «Բելառուս МТЗ 15-23» տեսակի տրակտոր։
Պատասխանատուները եղել են նաև տնտեսության ցորենի պահեստներում, ծանոթացել զտման և ախտահանման պրոցեսներին։