Ձեր կողքին նստած ընկերը, և ոչ միայն ինքը, Կիրանցի համար ապոկալիպսիս էր կանխատեսում, այո՛, Կիրանցում այսօր կա խաղաղություն, դուք էիք ասում, որ Կիրանցի դպրոցը չի լինելու, Կիրանցը չի լինելու, ասում էիք՝ Կիրանցում ճանապարհ չկա, Կիրանցի կենսագործունեությունը խաթարված է, եկեղեցին մզկիթ է դառնալու: Այդ ամեն ինչի, այդ ձեր ասած ստերի համար ո՞վ է պատասխան տալու: Այդ մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին:
«Գնացեք ցույց տվեք մզկիթ դառած եկեղեցին: Ասում էիք՝ վա՛յ, ո՞նց են Կիրանցի երեխաները դպրոց գնալու, գնացեք տեսեք՝ Կիրանցում երեխաները դպրոց գնո՞ւմ են, թե՞ չեն գնում, գնացեք տեսեք՝ Կիրանցում երեխաները վախեցա՞ծ են, թե՞ վախեցած չեն, գնացեք տեսեք՝ Կիրանցի ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ վախեցած չէ: Գնացեք տեսեք՝ Ոսկեպարի ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ վախեցած չի, գնացեք տեսեք՝ Բաղանիսի ժողովուրդը վախեցա՞ծ է, թե՞ վախեցած չէ»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զիջումների գնալու բացակայությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր նպատակն այն չէ, որ Ադրբեջանը բան զիջի, մեր նպատակն է, որ ՀՀ ինքնիշխանությունը, զարգացումը և պետության հարատևությունը ապահովենք, և այստեղ մտածողության հարթությունների հարց է:
Դուք քնում արթանում եք, մտածում եք՝ Ադրբեջանն ի՛նչ զիջեց, ես քնում արթնանում եմ, մտածում եմ՝ Հայաստանն ի՛նչ շահեց»,- նշեց վարչապետը:
«Էդ որ ասում եք՝ Կիրանցի պատը երրորդ հանրապետության ամենամեծ խայտառակությունն է, այն երրորդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, դրանից ՀՀ-ն ստացել է պետական սահման, ստացել է խաղաղություն և անվտանգություն շատ փոքր հատվածում: Մենք այդտեղ մեղավոր ենք, որ այդ թվում՝ ճնշումների կամ մթնոլորտից ելնելով, կարող էր այդ հատվածն ավելի երկար լիներ, և մենք այդտեղ բացթողում ենք արել, ձախողում ենք արել, և ես դա խոստովանում եմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: