Տարիներ շարունակ խոսում ենք ուսուցչական կադրերի պակասի մասին և պետության քաղաքականության մասին, որը պետք է խրախուսի ուսուցչի մասնագիտությունը, բայց հաճախ չէ, որ խոսում ենք արդյունքների մասին: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ապա ներկայացրեց այդ մասով վիճակագրություն:
«Նախորդ տարի մեր դպրոցներում գրանցել ենք ավելի քան 3000 նոր ուսուցիչներ, և սա շնորհիվ Կառավարության այն քաղաքականության, որն ուղղված է ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը»,- ասաց նախարարը՝ նշելով որ պատճառներից են նաև ատեստավորման նոր քաղաքականությունը, նաև այն, որ ուսուցիչների աշխատավարձը դարձել է մրցունակ:
«3000 նոր ուսուցիչների շրջանում ավելի քան 30 տոկոսն են երիտասարդ ու միջին տարիքի ուսուցիչները: Սա նշանակում է, որ մեծ թվով մարդիկ, որոնք ունեին ուսուցչի՝ օրենսդրությամբ պահանջվող չափանիշները, վերադառնում են դպրոց կամ իրենց աշխատանքային գործունեությունը սկսում են դպրոցում»,- ասաց նախարարը: