Մարդուն գնում ասում ենք՝ հարգելի՛ս, այս սնունդը, որ սեղանին դրված է, թունավոր է, չուտե՛ք: Մարդն ուտում է և թունավորվում է, և, ցավոք, լինում է դեպք: Հիմա այս իրավիճակում ի՞նչ պետք է աներ տեսչական մարմինը, այդ մարդու ձեռքերը-ոտքերը կապե՞ր: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի դիտարկմանը, թե «Հրազդան ՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունից առաջ տեսչական մարմինն արձանագրություն կազմել է և տեղյակ է պահել, որ վտանգավոր է շահագործման համար, սակայն աշխատանքները շարունակվել են, և տեղի է ունեցել դժբախտ դեպքը:
Փաշինյանը նշեց, որ դեպքին փորձագիտական մակարդակով չի տիրապետում, ապա նկատեց. «Ենթադրում եմ, որ դեպքով կհարուցվի քրեական գործ, և քրեական պատասխանատվության կենթարկվի այն մարդը, որն այդ տեսչական ակտն ստացել է, պաշտոնապես իրազեկվել է, ստորագրել է, որ տեղյակ է դրա մասին, և, ի հեճուկս դրա՝ մարդկանց տարել է և փորձանքի է բերել: Իհարկե, ցավակցում եմ, շատ ցավում եմ զոհերի համար»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16:59-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ «Հրազդան ՋԷԿ»-ի տարածքի ձուլարանում տեղի է ունեցել օդի տարայի պայթյուն, որի հետևանքով 6 աշխատակից վիրավորվել էր, որոնցից 1-ը՝ զոհվել:
Դեպքից ժամեր անց ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին երկու անգամ բացասական եզրակացություն է տրամադրել: