Կոմիտեներում քննարկումների ժամանակ հնչել է արդարացի հարց՝ եթե մի շենքի հարցը լուծում ենք, բա մյուսների հետ ի՞նչ քաղաքականություն պետք է վարենք: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին, թե ինչպես է լուծվելու Գյումրու վթարային շենքերի հարցը: Խոսքը Տիգրան Մեծի 5, Ղուկասյան 29, Անտառավանի 26, և Իսահակյան 9 շենքերի ճակատագրի մասին է:
Պատգամավորը նկատեց՝ այս համատեքստում խնդրահարույց է հատկապես 10 ընտանիքի հարցը, որոնք անօթևան են վթարային իրավիճակի պատճառով:
«Եթե թիվը ճիշտ եմ հիշում, մոտ 90 այդպիսի շենք ունենք հանրապետությունում, և մեր քննարկումները հիմա ծավալվել են նրա շուրջ, որ կարողանանք ըստ առաջնահերթության դասակարգել, ծրագրում կամ բյուջեում որոշակի գումար նախատեսել, և ըստ վտանգավորության աստիճանի և առաջնահերթության այդ խնդիրները լուծում ստանան»,- ասաց նախարարը:
Գնել Սանոսյանը նաև նշեց, որ քաղաքականություն իրականացնող մարմինն այս դեպքում Քաղաքաշինության կոմիտեն է: