Անկախ դատական համակարգ ունենալը միքայլանի գործողություն չէ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի այն դիտարկմանը, թե 2018-ին ձայնագրություն էր տարածվել, որում ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները քննարկում էին, թե դատական գործերն ինչ ընթացք պիտի ունենան: Պատգամավորը հետաքրքրվեց՝ մինչև այժմ այդ սխեմայո՞վ են ընթանում դատական գործերը:
Վարչապետը նախ նկատեց՝ Լևոն Քոչարյանի նշած անձանցից մեկը ընդդիմության շարքերում է, ապա անդրադառնալով դատական համակարգին՝ կարծիք հայտնեց, թե ՀՀ-ում չկա լիարժեք անկախ դատական համակարգ, և որ նման մտահոգություններ հնչում են նաև կառավարող մեծամասնության ներկայացուցիչների կողմից:
«Անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ-ի հետագա զարգացման համար: Եթե մենք հետևողականորեն չգնանք անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով, մենք չենք կարող հաջողություն ունենալ:
Բայց դա էլ ասեմ, որ կա մի փաստ, որը վկայում է, որ մենք, այնուամենայնիվ, ոչ ամենացանկալի արագությամբ, բայց գնում ենք անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհով, որովհետև դատական համակարգի որոշումներից հաճախ դժգոհ է մնում ընդդիմությունը, բայց նաև հաճախ դժգոհ է մնում կառավարող կուսակցությունը: Այլ բան, որ մեր գործընկերները, քաղաքական կոռեկտությունից ելնելով, այդ դժգոհությունը, այդ հարցերը հրապարակային չեն արտահայտում: Բայց ես ձեզ ուզում եմ հավաստիացնել, որ աշխատանքային ֆորմատներում հարցերը դրվում են սուր ձևով:
Կարծում եմ՝ սա այն տեղն է, որ ընդդիմությունը և կառավարող մեծամասնությունը համագործակցելու մեծ տեղ ու դաշտ ունեն»,- ասաց վարչապետը: