Վայոց ձորում պետությունն իրականացնում է խոշոր ներդրումային ծրագրեր: Մասնավորապես՝ զբոսաշրջության զարգացման համատեքստում Արենի և Ջերմուկ համայնքներում շատ մեծ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակն է մարզի զբոսաշրջային գրավչությունն է՛լ ավելի բարձրացնել: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ տեղեկացնելով, որ այժմ բանակցություններ են ընթանում Համաշխարհային բանկի հետ՝ վարկային պայմանների վերջնական հստակեցման ուղղությամբ:
«Վերջնարդյունքում կունենանք 2 մեծ կլաստերներ՝ Արենի գինու կլաստերը և Եղեգիս ագրոտուրիզմի կլաստերը, որտեղ կստեղծվեն համապատասխան զբոսաշրջային ենթակառուցվածքներ»,- ասաց նախարարը և հավելեց, որ այդ կլաստերների կայացման գործում կարևոր կլինեն նաև մասնավոր ներդրումները, բնակիչների ներգրավվածությունը, որոնք էականորեն կփոխեն մարզի սոցիալական և տնտեսական դեմքը: