Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Աշխատանքի ապագան. վարձատրություն, պաշտպանություն և նպատակ» թեմայով պանելային քննարկմանը։
Բանախոսել են նաև Ալբանիայի էկոնոմիկայի, մշակույթի և նորարարության նախարարի տեղակալ Օլտա Մանջանին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հարավային Աֆրիկայի Մարդկային գիտությունների հետազոտական խորհրդի գլխավոր գործադիր տնօրեն Սառա Մոսոետսան, Կորեայի համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Հեունգչոնգ Կիմը։
Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, պանելային քննարկման շրջանակում նախարարը ներկայացրել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում Հայաստանի փորձը, առկա մարտահրավերները, դրանց լուծման տարբերակներն ու տեսլականը։
Նախարարի խոսքով՝ ներկայում մշակման ավարտական փուլում գտնվող՝ Հայաստանի զբաղվածության 2024-2030 թթ․ ռազմավարական ծրագիրը սահմանում է առկա մարտահրավերներին արձագանքող և ՀՀ կառավարության առաջնահերթություններից ու պետության միջազգային պարտավորություններից բխող` զբաղվածության ոլորտի զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը․
«Ռազմավարությամբ բարեփոխվող պետական քաղաքականությունն ուղղված է հատկապես մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքի արտադրողականության բարձրացմանը: Ռազմավարությամբ նախատեսվում է այնպիսի միջոցառումների իրականացում, որոնց միջոցով հնարավոր կլինի ապահովել գիտելիքի, փափուկ ու մասնագիտական հմտությունների այն մակարդակը, որն անհրաժեշտ է ժամանակակից արագ փոփոխվող աշխատաշուկայի կարիքները բավարարելու համար։ Ռազմավարությամբ խրախուսվում են նաև շարունակական կրթությունն ու մասնագիտական զարգացումը, ինչը երաշխավորում է, որ ռազմավարության թիրախային շրջանակին պատկանող անձինք կարող են համընթաց քայլել տեխնոլոգիական առաջընթացին և լինել մրցունակ աշխատաշուկայում»,- նշել է նախարարը:
Նարեկ Մկրտչյանը խոսել է նաև Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների մասին, վերջին կարգավորումների մասին, որոնցով նախատեսվել են հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հստակ և ճկուն ընթացակարգեր։
Աշխատողներին ավելի պաշտպանված դարձնելու համատեքստում նախարար Մկրտչյանն անդրադարձել է նաև ներդրման նախատեսվող՝ աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի, գործազրկության ապահովագրության, աշխատանքային օրենսդրության թարմացումների մասին։
Ելույթում կարևորվել են նաև վերապատրաստման և հմտությունների բարձրացման ծրագրերում ներդրումները, ինչը կարող է օգնել աշխատողներին մնալ մրցունակ արագ փոփոխվող աշխատաշուկայում։