Ներկայումս մաքսային կանոնների խախտման համար վարչական գործը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն միայն մաքսային մարմնի ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև մաքսային մարմնի ղեկավարը: Առաջարկում ենք ընդլայնել մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործի քննությունն իրականացնող և դրա արդյունքում որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, ինչպես նաև նախատեսվում է իրավախախտումը հայտնաբերելուց հետո գործի քննությունն անմիջապես իրականացնելու և որոշում կայացնելու հնարավորություն, եթե իրավախախտը չի առարկում և գործի հանգամանքներն ամբողջությամբ պարզված են:
Այս մասին «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
Նրա խոսքով՝ նշված դրույթների նախատեսումը կնպաստի վարչարարության իրականացման ժամկետների զգալի կրճատմանը՝ հնարավորություն տալով վարչական ակտը կայացնել՝ տեղում լսումներ իրականացնելու արդյունքում:
Առաջարկվում է նաև գործի քննությունն իրականացնել տեսակապով, ինչը հնարավորություն կտա անձին ֆիզիկապես մասնակցելու հնարավորության բացակայության պայմաններում իր ցանկությամբ վարչական գործի քննությանը մասնակցելու տեսակապով:
Նախագծով սահմանվում է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների կարգը:
Նախատեսվում է մաքսային կանոնների խախտման վարույթներով ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով ծանուցելու հնարավորություն՝ անձի լսված լինելու իրավունքն ապահովելու նպատակով, հաշվի առնելով, որ անձին իր նկատմամբ հարուցված վարչական վարույթի մասին ծանուցելու ներկայիս եղանակները հաճախ արդյունավետ չեն, անձի նշած հասցեով ուղարկված ծանուցումները չեն ստացվում, վերադարձվում են և էլեկտրոնային փոստի հասցե մաքսային մարմնին չի տրամադրվում:
«Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցնենք մաքսային մարմինների անունից մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը, կկանոնակարգենք մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերով ծանուցումների հետ կապված հարաբերությունները»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը: