ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում պատասխանատվություն կսահմանվի: Այդ մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծն Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:
«Խնդիրն այն է, որ ցամաքային տեղափոխումների, արտահանումների դեպքում ունենք տարանցիկ հայտարարագրման համակարգ. խոսքը ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանումներին է վերաբերում: Երրորդ երկրներ արտահանումների դեպքում ունենք հայտարարագրման ընթացակարգ: Քանի որ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման համակարգ, հետևաբար, չունենք այն պատասխանատվության միջոցները, որոնք կիրառելի են ցամաքային տրանսպորտով կամ երրորդ երկրներ տեղափոխելու դեպքում:
Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանել պատասխանատվությունը, որը հետևյալ չափերով է լինելու՝ հարկի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը, և իրավախախտման կատարման պահին ապրանքի առկայության դեպքում՝ նաև [ապրանքի] բռնագրավմամբ:
Ներկայացվող նախագծով կվերացվի զգայուն ապրանքները ՀՀ տարածքից դեպի ԵԱՏՄ պետություններ առանց թույլտվությունների արտահանման հնարավորությունը»,- պարզաբանեց Մանուկյանը:
ՊԵԿ նախագահի տեղակալը նաև թվարկեց զգայուն ապրանքների ցանկը, որում ներառված են թվային ծրագրային կառավարմամբ մետաղային հաստոցները, բազային կայաններ, ստատիկ կերպափոխիչներ, ռադիոնավիգացիոն և հեռակառավարման սարքավորումներ և այլն: