Չինաստանի Ցինդաո քաղաք այցի երկրորդ օրը ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն: Աննա Հակոբյանին դիմավորել է կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը:
Սյու Բաոֆենի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է Չինագիտության համաշխարհային կենտրոնում: Աննա Հակոբյանին են ներկայացրել կենտրոնի գործունեությունը` ստեղծման օրվանից ի վեր, պատմել կենտրոնի առաքելության մասին, որն աշխարհում չինարենն ու չինական մշակույթի տարածելն ու հանրայնացնելն է:
Շրջայցին հաջորդած հանդիպման ընթացքում Սյու Բաոֆենը բարձրաձայնել է հայ-չինական մշակութային կրթական կապերի խորացման ցանկության մասին:
«Մենք կարող ենք գործակցել հայկական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, կարող ենք Հայաստանում բացել չինագիտության կենտրոն, որպեսզի Ձեր երկրում ավելի շատ մարդիկ կարողանան ուսումնասիրել Չինաստանը, չինարենը և չինական մշակույթը: Մենք ակնհայտ ասում ենք գործակցության ընդլայնման մեր ցանկության մասին»,- ասել է Համաշխարհային չինագիտության կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենը:
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության ու հետաքրքիր շրջայց կազմակերպելու համար: Վարչապետի տիկինը նշել է, որ գործակցության խորացմամբ հետաքրքրված է նաև հայկական կողմը։
«Թեև երկրների հարաբերություններում միշտ ուշադրության կենտրոնում են քաղաքական, ապա տնտեսական հարաբերությունները, բայց կարծում եմ՝ ճիշտ է սկսել մշակույթից ու լեզվից և ես կարծում եմ, որ հայ-չինական մշակութային ու կրթական հարաբերությունների խորացման տեսանկյունից ամենաճիշտ վայրում եմ գտնվում»,- ընդգծել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հայաստանյան համալսարաններից որևէ մեկում չինագիտության կենտրոնի հիմնման հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում է: Աննա Հակոբյանի խոսքով՝ սա կարևոր է երկու երկրների համար, և հույսը մեծ է, որ չինական կողմն էլ առաջիկայում կդիտարկի Չինաստանում հայագիտության կենտրոնի ստեղծման հարցը:
Սյու Բաոֆենն Աննա Հակոբյանին պատմել է, որ Պեկինի լեզվի և մշակույթի համալսարանում իրենք օտարազգի հայտնի գրողների կիսանդրիներ են տեղադրում: Սենը հույս է հայտնել, որ այդ շարքում կլինի նաև հայ հայտնի գրողի կիսանդրի: Աննա Հակոբյանը սիրով ընդունել է առաջարկը և ընդծել, որ հայկական կողմը նույնչափ հետաքրքրված է կիսանդրու տեղադրմամբ, քանի որ սա մեծ հնարավորություն է, որ աշխարհում ճանաչեն հայտնի հայ հեղինակների:
Սյու Բաոֆենը նշել է, որ չինական կողմը նաև կրթական տարբեր ծրագրերում գործակցելու ցանկություն ունի: Աննա Հակոբյանը խոստացել է ԿԳՄՍ նախարարությանը փոխանցել այս և մյուս առաջարկները, որոնց մանրամասները հնարավոր կլինի քննարկել Սյու Բաոֆենի` նոյեմբերին կայանալիք Երևան այցի ընթացքում:
Հանդիպումից հետո Չինագիտության համաշխարհային կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենի անունից ճաշ է մատուցվել ի պատիվ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի:
Վարչապետի տիկինը Չինագիտության համաշխարհային կենտրոն այցի ավարտին հարցազրույց է տվել տեղի Qingdao News լրատվականին, ընդգծել, որ երկրորդ անգամ է գտնվում Չինաստանում և ուրախ է, որ Ցինդաոյում է և մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության կանանց համաժողովին:
«Շատ հագեցած օրակարգով եմ Չինաստանում: Այսօր առաջին կետն էր, և ես այցելեցի Չինագիտության համաշխարհային կենտրոն: Երեխաները շատ գեղեցիկ կատարեցին ազգային երաժշտություն, նաև ինքս եմ փորձել նվագել այդ գործիքներով: Այսօր այստեղ քննարկվեց նաև Չինաստանում հայագիտության և Հայաստանում չինագիտության կենտրոններ բացելու հնարավորությունն ու հեռանկարը»,- հարցազրույցում շեշտել է վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյանը տեղեկացրել է նաև, որ մայրաքաղաք Պեկինում հանդիպում կունենա նաև Soong Ching Ling հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ նա ղեկավարում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:
Այնուհետև վարչապետի տիկինն ուղևորվել է Ցինդաոյի կենտրոն, շրջել քաղաքում, այցելել Սբ. Միքայել կաթոլիկ եկեղեցի, որի վանահայրը Աննա Հակոբյանին է պատմել եկեղեցու կառուցման ու գործունեության մանրամասները, ներկայացրել է Ցինդաոյի քրիստոնյա համայնքի մասին տեղեկություն:
Աննա Հակոբյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը Չինաստանում է մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության սեպտեմբերի 11-ին կայանալիք կանանց համաժողովին:
Պատվիրակության կազմում են ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՍՀ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ՀՀ ԱԳՆ մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մարդու իրավունքների միջազգային համագործակցության բաժնի վարիչ Զոյա Ստեփանյանը: