Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները և ֆիզիկական անձինք ՀՀ ներմուծվող կամ արտահանվող ապրանքների՝ երկակի և (կամ) ռազմական նշանակության պատկանելիության վերաբերյալ եզրակացությունը ստանում են էլեկտրոնային եղանակով՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) ենթահամակարգի միջոցով։ Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, 2024 թվականի ապրիլի 11-ից ներդրել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման պարզեցված կարգը:
ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ նոր մեխանիզմի շնորհիվ էլեկտրոնային հարթակով ներկայացված հայտերի` տվյալ ապրանքի պատկանելության մասին նախնական ուսումնասիրությունն իրականացվում է անվճար՝ կոմիտեում ստեղծված հատուկ մասնագիտացված աշխատանքային խմբի կողմից: Յուրաքանչյուր հայտի ուսումնասիրությունը տևում է մինչև մեկ աշխատանքային օր։ Նորամուծության արդյունքում այժմ փորձաքննության ուղարկվում են միայն ավելի խորը մասնագիտական ուսումնասիրության ենթակա ապրանքները: Միաժամանակ, ապրանքի պատկանելիության մասին եզրակացությունը հայտատուին տրամադրվում է նույնպես էլեկտրոնային եղանակով, նույն հարթակի միջոցով՝ առանց հավելյալ ժամանակ և ռեսուրսներ ծախսելու:
Պարզեցված ընթացակարգով էապես դյուրացվել է երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը: ՊԵԿ դասակարգման և մաքսասակագնային հարցերով մասնագիտական կենտրոնում-բաժնում գործող աշխատանքային խմբի ներկայացրած վիճակագրությունը փաստում է գործընթացի արդյունավետության մասին:
Այսպես, ապրիլի 11-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, հայտատուների կողմից երկակի և (կամ) ռազմական նշանակության ապրանքների վերաբերյալ եզրակացություն ստանալու համար աշխատախմբին ներկայացված անվճար հիմունքներով ուսումնասիրվել է 4414 հայտ՝ 24.348 ապրանքատեսակի համամասնությամբ, որից ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 3817 հայտ՝ 14.871 ապրանքատեսակով, իսկ երկակի նշանակության ապրանքների մասով՝ 597 հայտ՝ 9477 ապրանքատեսակով։ Իսկ փորձաքննության է ուղարկվել ռազմական նշանակության ապրանքների մասով՝ 507 (4414 հայտի նկատմամբ՝ 11,48%) հայտ՝ 1010 ապրանքատեսակով, երկակի նշանակության ապրանքների մասով՝ 190 (597 հայտի նկատմամբ՝ 31,82%) հայտ՝ 959 ապրանքատեսակով: Նույն ժամանակահատվածում անվճար հիմունքներով հայտերի ուսումնասիրման և դրանք փորձագիտական կազմակերպություններ լրացուցիչ ուսումնասիրության չուղարկելու արդյունքում տնտեսվարողները ոչ միայն խնայել են ժամանակ, մասնավորապես, յուրաքանչյուր հայտի մասով՝ 2-4 աշխատանքային օր, այլև շուրջ 64 միլիոն դրամի ֆինանսական միջոցներ:
Միաժամանակ, Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում՝ պարբերաբար հրապարակվում է երկակի և (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների թարմացված ցանկը, որը ձևավորվել է նախկինում՝ մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Օգոստոս ամսին հերթական անգամ թարմացված ցանկը հրապարակվել է արդեն նոր ձևաչափով, որում ներառված են 57.319 ռազմական և 12.882 երկակի նշանակության չհանդիսացող ապրանքատեսակներ:
Կոմիտեն տնտեսվարողներին հիշեցնում է, որ երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է առաջնորդվել նոր ձևաչափով հրապարակված ցանկերով: