Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ստորգետնյա ջրային պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը: Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հեկտարից (1983թ.) մինչև 10 706 հեկտար (2013թ.):
Ջրազրկվել է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 բնակավայր։ Շուրջ 4000 հեկտար գյուղատնտեսական հող դարձել է անօգտագործելի կամ անջրդի։ Արմավիրի մարզում ջրային հորիզոնների իջեցման հետևանքով նախկին ինքնաշատրվանող 136 հորերից ջրառն արդեն իրականացվում է պոմպերով։ Բարձրացել է ջրային ռեսուրսների հանքայնության աստիճանը՝ իջեցնելով հողերի բերքատվության մակարդակը։ Ակնալճի (Այղր լճի) մակարդակի իջեցման հետևանքով Սևջուր գետն արդեն իսկ չի սնուցվում լճից, պակասել է նաև սնուցումը ստորերկրյա աղբյուրներից:
Այս փաստերն արձանագրվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակում պատրաստված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» հաշվետվության մեջ։
«10 տարի առաջ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ Արարատյան արտեզյան ջրային պաշարներն աստիճանաբար նվազում են, սկսվեց ոռոգման ջրի դեֆիցիտ։ Ու սկսեցին կոնսերվացնել խորքային հորերը», - Էկոլուրի հետ զրույցում ասաց Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը։
«Կոնսերվացվում էին այն հորերը, որոնք անաշխատունակ էին։ Թե ինչքանով էր դա նպատակահարմար, մինչև այսօր մենք չենք կարողանում հասկանալ, քանի որ այդ հորերով ջուր չէր օգտագործվում», - նշեց նա։
«Ստորգետնյա ջրերի մակարդակի անկումը շարունակում է մնալ օրակարգային։ Քանի դեռ մենք չունենք թվեր, որոնք կապացուցեն, որ ավելի շատ խորքային հորեր կոնսերվացվել են, քան թույլտվություններ են տրվել, խնդիրն արդիական է մնում», - ասաց «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը։
Պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ խորքային հորերի կոնսերվացումից հետո իրավիճակը չի բարելավվել։ ՀՀ կառավարության 2023թ․ նոյեմբերի 9-ի N1930-Ա որոշման հիմնավորման մեջ նշված է․ «Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն՝ գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել»:
Ջրի գերսպառողը ձկնաբուծարաններն են
Պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1984թ․ խորքային հորերից ջուր վերցնելու տարեկան թույլատրելի սահմանը հաստատել էր 1,0943 միլիարդ խմ/տարեկան, ինչի դեպքում ջրային պաշարների գերշահագործում չէր լինի։ Սակայն, այս թույլատրելի սահմանն էականորեն գերազանցող թվեր արձանագրվեցին 3 տասնամյակ անց, և 2013 թվականի դրությամբ ջրառն Արարատյան արտեզյան ավազանում կազմեց 1,7534 միլիարդ խմ/տարի, ինչը 1984 թվականին հաստատված տարեկան ջրաքանակը գերազանցեց 1,6 անգամ, որի ավելի քան 60 %-ը բաժին է հասել ձկնաբուծարաններին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Էկոլուրի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի կողմից Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի կիրառմամբ հաշվարկվել է, որ 2016թ. դրությամբ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործելի ռեսուրսը կազմում է 926.73 մլն մ/տարի, ինչն ավելի քան 15%-ով պակաս է 1984թ. Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015թ. «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,094.4 մլն մ ծավալից:
«Մեր տվյալներով՝ 2017-2018թթ․ արտեզյան ավազանից վերցվող ջրի ծավալը կազմում էր 2 միլիարդ 500 միլիոն խմ», - նշեց Խաչիկ Դանիելյանը։
Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2021թ-ի դեկտեմբերի դրությամբ, ըստ տրված ջրօգտագործման թույլտվությունների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից ձկնաբուծության նպատակով իրականացվել է 760713,775 հազ. խմ/տարի ջրառ, որից 623547,387 հազ. խմ/տարի Արարատի մարզում, 137166,388 հազ. խմ/տարի Արմավիրի մարզում: Ոռոգման նպատակով իրականացվել է 179965,61 հազ. խմ/տարի ջրառ, որից 85627,79 հազ. խմ/տարի՝ Արարատի մարզում, 94337,82 հազ. խմ/տարի՝ Արմավիրի մարզում: Իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման նպատակով իրականացվել է 17545,795 հազ. խմ/տարի ջրառ:
«Ձկնաբուծարաններ մուտք գործել անհնար է։ Մենք չափեցինք ձկնաբուծարաններից դուրս եկող ջրի քանակը։ Ըստ էության, թույլատրված սահմանված քանակից մի քանի անգամ ավելի ջուր էր դուրս գալիս», - ասաց Անժելա Ստեփանյանը։
«Արդյունքները ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Պատկան մարմիններն ի պատասխան ներկայացրել են միջոցառումների ցանկ։ Տեղադրվել էին ջրաչափեր, բայց շատ կարճ ժամանակում հանվել էին՝ պատճառաբանելով, որ ջուրն ընդերքից ավազային մասնիկներ է դուրս բերում, և ջրաչափերը խափանվում են։ Միջոցառումներ կային, բայց դրանք համակարգային չէին», - ասաց Խաչիկ Դանիելյանը։
Ջրօգտագործման խախտումները ձկնաբուծարաններում այսօր էլ շարունակվում են։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում 2023 թվականին արձանագրած 161 իրավախախտման դեպքից 39 ձկնաբուծության ոլորտում է։
«Խնդիրը նրանում է, որ գոյություն ունեցող պոմպերի, խորքային հորերի մեծ մասը հաշվառված չեն։ Մյուսը, որ ճնշումային գոտիները խառնվեցին և արդյունքում Արարատյան դաշտի խմելու ջրի կոշտությունն անգամներով ավելացավ, և մենք ստիպված ենք այդ ջուրը խմել», - ասաց Խաչիկ Դանիելյանը։
«Ամբողջ Արմավիրի մարզը խմելու ջուրը գնում է շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից։ Սա շատ լուրջ խնդիր է։ Մենք չգիտենք՝ ինչ ջուր է դատարկվում, ինչ տարաներ են դրված, ինչ պարբերականությամբ են մաքրվում», - նշեց Անժելա Ստեփանյանը։
Արմավիրի մարզի խմելու, ոռոգման ջրի, ջրահեռացման խնդիրները սրված են և ուղիղ կերպով ազդում են բնակիչների կյանքի որակի, առողջության վրա։
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրն են: Աղբյուրներն օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է։
Հոդվածը պատրաստվել է «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում: