Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել, թե իբր խաղաղության պայմանագրի նախագծի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին հայկական կողմի պնդումները խեղաթյուրում են իրականությունը:
Այխան Հաջիզադեն նշել է, թե չհամաձայնեցված դրույթները համաձայնագրի նախագծից հանելը, փաստաթուղթն այդ տեսքով ստորագրելը, իսկ առկա խնդիրները հաջորդ փուլում լուծելն անընդունելի են:
Նա հերթական անգամ մեղադրել է Երևանին՝ Ադրբեջանի նկատմամբ իբր տարածքային պահանջներ ունենալու համար, շեշտել՝ կայուն խաղաղության պայմանագրի համար Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի:
Պաշտոնյան միաժամանակ նշել է, թե իբր Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան:
Հաջիզադեն «իրականությանը չհամապատասխանող» է որակել էթնիկ զտումներ իրականացնելու և ռազմագերիներին չվերադարձնելու համար Բաքվին ներկայացվող մեղադրանքները: Նա հավելել է, թե Բաքուն հումանիստական նկատառումներով արդեն իսկ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին: