Ձևավորվող նոր աշխարհակարգում էապես մեծացել է տարածաշրջանների դերակատարումը՝ «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամմադ Հասան Շեյխոլիսլամին։
«Հարավային Կովկասը մեծ կարևորություն ունի իմ երկրի համար։ Իրանը քաղաքակրթական, պատմական և մշակութային կապերով սերտորեն կապված է այս տարածաշրջանի հետ»,- ասել է դիվանագետը։ Նա հավելել է՝ աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանը ռազմավարական կապօղակ է առավել մեծ կենտրոնների համար։
«Այս տարածաշրջանի կայունությունն ուղղակի ազդեցություն ունի Իրանի հյուսիսային սահմանների և ընդհանուր անվտանգության վրա։ Մեզ համար կարևոր է կանխարգելել հակամարտությունների առաջացումը և մեր տարածքի ապակայունացումը»,- ասել է Շեյխոլիսլամին։
Նրա խոսքով՝ տնտեսական տեսանկյունից տարածաշրջանը կարևոր է Թեհրանի համար որպես առևտրային և էներգետիկ տարանցման ուղի։ «Իրանը շահագրգռված է՝ օգտագործելու այդ ճանապարհների կարողությունները՝ ամրացնելու իր կապը Եվրոպայի և Եվրասիայի հետ, ինչպես նաև տրամադրելու իր տրանսպորտային երթակառուցվածքը»,- ասել է պաշտոնյան։
Պաշտոնյան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և կարևորել խաղաղության համաձայնագրի կնքումը արագացնելը։ Նա ևս մեկ անգամ կրկնել է Իրանի դիրքորոշումը՝ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և օրենսդրությունը պետք է հարգվեն։
«Կարևոր է վճռականորեն դեմ արտահայտվել ցանկացած քողարկված օրակարգին, որը վերաբերում է տարածաշրջանի ապակայունացմանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»,- ասել է իրանցի դիվանագետը։
Այդ առումով նա Իրանի անունից աջակցություն է հայտնել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։