Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն «Երևանյան երկխոսություն» համաժողովում անդրադարձել է Հայաստանի անվտանգության ապահովման հնարավորությանը անկայուն տարածաշրջանում։ Նրա խոսքով՝ դրա լավագույն ճանապարհը դիմակայունության բարձրացումն է։
«Որոշումների կայացման գործում մշտապես մեր ուղենիշն է եղել մեր ապագան, մեր պետականությունը, ազատությունն ու անկախությունը։ Դրանով ենք առաջնորդվել՝ ընտրելիս, թե ովքեր են մեր ընկերները, ում հետ կարող ենք համագործակցել և թե ինչ ճանապարհ պետք է ընտրենք»,- ասել է Գրիբաուսկայտեն։
Նրա խոսքով՝ Լիտվան ու Հայաստանը նման երկրներ են՝ գրեթե նույն ռեսուրսներով և բնակչության թվով։ Լիտվայի նախկին նախագահը նշել է, որ վերջին երեսուն տարվա ընթացքում իր երկիրը կարողացել է հասնել եվրոպական չափանիշների և ռուսական գազից հարյուր տոկոսանոց կախվածությունը հասցրել է զրոյի։ Նա ընդգծել է, որ քաղաքական անկախությունը կարող է հիմնվել միայն տնտեսական և էներգետիկ անկախության վրա։