Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան «Երևանյան երկխոսություն» համաժողովում հայտարարել է, որ Հարավային Կովկասի կարևորությունը որպես Արևելքի և Արևմուտքի միջև խաչմերուկ փոփոխվող աշխարհում ավելի է մեծանում։ Նրա խոսքով՝ որպես Արևելքի և Արևմուտքի միջև առևտրի կարևոր օղակ՝ «Միջին միջանցքն» այսօր տարածաշրջանային քաղաքականության առաջնային գործոններից է։
Անդրադառնալով Հարավային Կովկասի երկրների համագործակցությանը՝ Դարսալիան նշել է, որ Թբիլիսին լավ հարաբերություններ ունի և ռազմավարական գործակցություն է զարգացնում Երևանի և Բաքվի հետ։
«Երբ խոսում ենք տարածաշրջանային համագործակցության մասին, պետք է ընդգծենք, որ բոլոր դերակատարների պատասխանատվությունն է՝ ներգրավվելու այդ համագործակցության մեջ և կառավարելու շահերը»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալը։
Նա կարևորել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, հավելել՝ դա տարածաշրջանային համագործակցության համար նոր դռներ է բացում։ Դարսալիան ասել է, որ Վրաստանը ցանկանում է իր դերն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ աջակցելով այլ գործընկերների ջանքերին։ Դարսալիայի խոսքով՝ Վրաստանն առաջարկում է տարածաշրջանային համագործակցություն, որը կարող է օգնել նաև երկկողմ կարգավորմանը։