ՀՀ ԱԳ նախարարը ելույթ է ունեցել «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պանելային քննարկմանը:
Պատասխանելով տարածաշրջանային ուժային դերակատարների՝ խաղաղ գործընթացում դերի վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարը պանելային քննարկմանը նշել է.
«Մենք կրկին շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր փորձել են մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Բայց մենք նաև, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միշտ չէ, որ վերջիններս պետք է համընկնեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, և ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանի Հանրապետության դեպքում ևս այդպես է։ Կարծում եմ, որ սա պարզ աքսիոմատիկ ճշմարտություն է, և այն վերաբերում է նաև Հայաստանին և Ռուսաստանին. երկու երկրների շահերն ու տեսլականն անպայմանորեն չեն համընկնում։ Ի դեպ, ես կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը։
Նույն տրամաբանությամբ ես կցանկանայի, որ այս քննարկմանը մասնակցեր նաև իմ հարգարժան թուրք գործընկերը։ Ինչպես նաև ես կցանկանայի, որ մենք ստորագրած լինեինք խաղաղության պայմանագիրը, և ուստի ես հնարավորություն ունենայի այստեղ տեսնել նաև Ադրբեջանի իմ գործընկերոջը:
Թուրքիան, իհարկե, հասկանալիորեն կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում»: