«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին օրենքի նախագիծը, որը, ըստ էության, շարունակությունն է հանրակրթության ոլորտում սկսված բարեփոխումների, այսպիսով ուղղված է ավելի արդյունավետ ու հասցեական դարձնել նաև ընթացքում գտնվող բարեփոխումները: Այս մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ օրենքի նախագիծը վերաբերում է երկու հիմնական բաղադրիչի, որոնցից մեկը դպրոցի կառավարման գործընթացում օրենսդրական ավելի հստակ մոտեցումներ և գործիքակազմ ներդնելու քաղաքականությունն է և ուսուցիչների ատեստավորման գործընթացին վերաբերող՝ նույնպես առավել ճշգրիտ կարգավորումներն են:
«Կարևոր եմ համարում, որ հստակեցրել ենք տնօրենի գործառույթներում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հետ աշխատանքի կարևորությունը, և դա նաև օրենքի համապատասխան դրույթներում նույնպես ներառված է»,- հայտնեց նախարարը:
Անդրեասյանի խոսքով՝ օրենքի նախագծով սահմանվում է «մենթոր դպրոց» հասկացությունը, իսկ ինչ վերաբերում է ուսուցիչների վերապատրաստմանը, դրույթներով, օրենքով հստակեցվել են հերթական և ատեստավորման ընթացակարգերը:
Այս պահին մենթոր դպրոցները երկու ուղղությամբ են գործում՝ մեկը հեռավար կրթությունն է, երկրորդը հիմնականում վերաբերում է հանրակրթության նոր չափորոշչին:
«Այս երկու ուղղությամբ էլ ունենք մենթոր դպրոցների ցանկ, նաև պարբերաբար՝ լրացուցիչ նրանց զարգացնում ենք»,- պարզաբանեց ԿԳՄՍ նախարարը: