Կկատարելագործվի սոցիալական աջակցության ոլորտի իրավական դաշտը, կբարելավվի ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը, կսահմանվեն նոր սոցիալական ծառայությունների տեսակներ:
Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը` ներկայացնելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքն ու հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ նոր խմբագրված օրենքով առաջարկվում է սահմանել նոր ծառայությունների տեսակները, լիազորությունները, ինչպես նաև Կառավարության սահմանած չափորոշիչները:
Օրենսդրական փաթեթով կսահմանվեն սոցիալական ոլորտի նոր սոցիալական ծառայությունների տեսակներ, օրինակ` ընտանիքի կենսապահովման կայունացման օգնություն, սոցիալ-հոգեբանական օգնություն, բնակարանային կոմունալ ծառայությունների վճարումների նվազեցում, փոխհատուցում կամ վառելանյութի ձեռքբերման համար հատուցում:
Օրենքի նախագծով լիազոր մարմնին վերապահվել է լիազորություն` սահմանելու կենսական ծառայությունների, մասնավորապես` խնամքին, ճաշարանի կազմակերպմանը, սոցիալական բնակարանային ֆոնդում ժամանակավոր օթևանում կացարանով ապահովելուն վերաբերող և սոցիալական ծառայությունների նվազագույն չափորոշիչները:
Դրանց պահպանման նկատմամբ կիրականացվի պետական վերահսկողություն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: Աննա Ժամակոչյանի խոսքով համայնքներն իրավասու են տրամադրել այն սոցիալական ծառայությունները, որոնք կմշակվեն համայնքային սոցիալական ծրագրերով, որն էլ կհաստատի լիազոր մարմինը: Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի վրա աշխատելիս ուսումնասիրվել է 14 երկրի փորձ:
Ըստ նրա` առաջարկվող փոփոխություններն ամբողջական են ու համապարփակ: Նախագծի հիմնական տրամաբանությունը պատգամավորը բաժանել է 2 հիմնական, առանցքային ուղղությունների:
Մեկը` կանխարգելելն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնվող անձի կամ ընտանիքի սոցիալական վիճակը, որը նրանք ինքնուրույն հաղթահարել չեն կարողանում, երկրորդ` արդեն այդ իրավիճակում հայտնված անձին կամ ընտանիքին տրամադրել սոցիալական որոշակի աջակցություն: