«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը: Այս մասին հայտնում է ԱԺ կայքը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Մոսկվայում:
Համաձայնագրով սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու միասնական մոտեցումները:
«Սա վերաբերում է նաև այն դեպքերին, երբ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն կիրառում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ»,- ընդգծել է Նարեկ Տերյանը:
Ըստ նրա՝ փաստաթղթի դրույթները միտված են ներդաշնակեցնելու արտահանողների հետ փոխգործակցության և ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման մասով անդամ պետությունների լիազորված կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում՝ հետագայում գործակցության էլեկտրոնային ձևաչափի անցման միջոցով:
Ակնկալվում է, որ ապրանքների ծագման հավաստագրեր տվող կազմակերպությունների հետ փոխգործակցության միասնական մեխանիզմների մշակումը կդյուրացնի անդամ պետությունների արտահանողների մուտքը երրորդ երկրների շուկաներ:
Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է, թե արդյոք համաձայնագրի վավերացմամբ կլուծվե՞ն թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի արտահանման ժամանակ այդ իրերի ծագման վկայականին առնչվող հարցերը:
Դրական պատասխանելով հարցին՝ զեկուցողը հիշեցրել է, որ կես տարի առաջ ստեղծվել է արտադրողների միասնական ռեեստր, որտեղ որպես արտադրող կարող են գրանցվել թանկարժեք մետաղներից իրեր արտադրող ընկերությունները: Եվ այդ հանգամանքն արտահանման ընթացքում կվկայի իրի՝ Հայաստանում արտադրված լինելու մասին:
Համաձայնագիրը քննարկվել է սեպտեմբերի 10-ի ԱԺ նիստում: