Նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության կետերից որևէ մեկը այս պահին իրականացված չէ մյուս կողմերի կողմից, հետևաբար, ես կարծում եմ, որ քննարկելի չէ այլևս նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ կետի կատարում, և առհասարակ քննարկելի չէ այն նարատիվը, որ ՀՀ-ն որևէ կետ չի կատարում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Մենք ասել ենք, որ ՀՀ տարածքով չի անցնելու արտատարածքային որևէ ճանապարհ: ՀՀ-ում եղած ճանապարհի վրա վերահսկողությունը ով կիրականացնի, որոշելու է ՀՀ Կառավարությունը՝ ՀՀ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը: Այստեղ որևէ այլ երկրի վերահսկողություն չի կարող լինել այդ ճանապարհի վրա:
Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել փաստաթուղթ, որով Ռուսաստանը պետք է գա և վերահսկողություն իրականացնի: Այդպես մեկնաբանում է ռուսական կողմը, ինչին մենք բազմիցս արձագանքել ենք, որ այդ մեկնաբանությունը տեղին չէ: Նոյեմբերի 9-ի մասին հայտարարությունը հրադադարի մասին հայտարարություն է:
Ճանապարհի վերահսկման մեխանիզմների մասին, այո՛, խոսք եղել է այդ ժամանակ, բայց իրավիճակը ցույց է տվել, որ նոյեմբերի 9-ի հայտարարություն այլևս գոյություն չունի՝ ըստ էության»,- ասաց նա:
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի տակից հայկական կողմի ստորագրությունը հետ կանչելը սին օրակարգ է, ՀՀ-ի համար օգուտ չտվող գործողություն: