Գերիների վերադարձի համար ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում, գերիների վերադարձի համար հարթակը միշտ տարբեր է եղել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս հարցով հայկական կողմը համագործակցում է եվրոպացի, ռուս, իրանցի, վրացի, ամերիկացի գործընկերների հետ:
«Բոլորի հետ մենք համագործակցում ենք, որ մեր հայրենակիցներին բերենք Հայաստան՝ իրենց տուն: Մենք դրա հետևից գնալու ենք մինչև վերջ»,- ասաց նա;
Իսկ թե ե՛րբ կլինի արդյունք, Արթուր Հովհաննիսյանը չգիտի. «Եղել է իրավիճակ, որ 3 ամիս ամեն օր խոսել ենք և ամեն օր սպասել ենք, որ արդյունք է լինելու: Եղել է իրավիճակ, երբ 1 շաբաթում արդյունք ենք ունեցել: Դրա համար խնդրում ենք՝ եկեք համբերությամբ զինվենք՝ գերիների վերադարձի հարցի հետ կապված, քանի որ շատ նուրբ հարց է»: