ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 9-ի ժամը 12:30-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վիլնյուսի փողոցի բնակիչ 26-ամյա մի աղջիկ և հայտնել, որ 73-ամյա պապը դանակով և զենքով սպառնացել է 70-ամյա տատին:
«Պարզվել է, որ 73-ամյա տանտերը զենքով և դանակով փորձել է սպանել կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի բաժնի և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցության վարչության ընտանեկան բռնության կանխարգելման բաժնի ծառայողներից կազմված օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է Նոր Նորքի 7-րդ զանգվածի նշված հասցե:
Ոստիկանները թակել են նշված բնակարանի դուռը, ներկայացել, ինչից հետո 73-ամյա տանտերը բացել է դուռը և ատրճանակի նմանվող առարկան մարտական վիճակի բերելով՝ պահել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, սպառնացել, որ կսպանի: Այնուհետև ոստիկանների պատսպարվելուց հետո նա փակել է բնակարանի դուռը:
Ոստիկանության ծառայողները բացատրական աշխատանք են տարել, հորդորել, որ բացի դուռը, ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և հանձնի ատրճանակը: 73-ամյա տղամարդը, սակայն, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, նաև այդ ընթացքում ոգելից խմիչք է օգտագործել: Ի վերջո, նրա 49-ամյա որդու ուղեկցությամբ ոստիկանները ներս են մտել բնակարան և վնասազերծել 73-ամյա տղամարդուն: Նա, լինելով ալկոհոլի ազդեցության տակ, նախ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ապա բուժօգնություն ստանալուց հետո ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: