Փորձ է արվում ներկայացնել, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին է, մինչդեռ կետը սկսվում է հետևյալ կերպ. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»:
Այս մասին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր կապերն ապաշրջափակելու մասին է:
Հայտարարության 7-րդ կետն ասում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:
Ինչպես տեսնում եք, 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, երբ ՌԴ նախագահը, Ադրբեջանի նախագահը և ես այս փաստաթուղթը ստորագրեցինք, դրանից հետո ոչ միայն այդ պահին ԼՂ-ն և հարակից տարածքները լքած հայ փախստականները չեն վերադարձել ԼՂ և հարակից տարածքներ, այլև ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ԼՂ-ն ամբողջությամբ հայաթափվել է էթնիկ զտումների բերումով»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհերի մարմինների վերադարձին:
«Մինչ այժմ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, պատանդներ, այլ պահվող անձինք, և մինչև օրս նրանք չեն վերադարձվել: Սա նույնպես դրույթ է, որ կա եռակողմ հայտարարության մեջ և չի կատարվել:
Որևէ գործընկեր որևէ հիմք չունի Հայաստանին մեղադրելու նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ: Հայաստանը, ինչպես տեսնում եք, ունի հիմքեր ասելու, որ եռակողմ հայտարարության մեր մյուս գործընկերները առնվազն ամբողջությամբ չեն իրականացրել իրենց պարտավորությունները»,- նշեց ՀՀ վարչապետը: