ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ ԱԺ սեպտեմբերի 10-ի հերթական նիստում քննարկման ներկայացնելով «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի թողարկման (տրման) շրջանառության և մարման կանոնների մասին» համաձայնագրի վավերացման հարցը՝ նշել է, որ համաձայնագրի վավերացումը կնպաստի ԵԱՏՄ շրջանակում գյուղատնտեսական արտադրանքի պահեստային վկայագրերի օգտագործման փորձի ընդլայնմանը և դրանց կայուն շրջանառությանը՝ ապահովելով գյուղատնտեսական արտադրանքի շուկայի գործունեության թափանցիկությունը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հուլիսի 31-ին Մոսկվայում: Փաստաթղթով կանոնակարգվում են ԵԱՏՄ շրջանակում պահեստային վկայագրերի թողարկման շրջանառության և մարման հետ կապված իրավահարաբերությունները: Սահմանվում են պահեստային վկայագրերի նկատմամբ ներկայացվող պահանջները, գյուղատնտեսական արտադրանքի որակական ու քանակական հաշվառման առանձնահատկությունները և պահպանման կանոնները, կարգավորվում են պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները, ապահովվում է պահեստային վկայագրերի և պահեստների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը ներկայացրել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: