Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական զարգացման համատեքստում արդիական և կարևոր համարվող որոշ դասընթացների պարտադիր մասնակցելու պահանջի սահմանմամբ. Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Լենա Նանուշյանի ներկայացմամբ ներկա իրավակարգավորումների համաձայն՝ յուրաքանչյուր հնգամյա շրջափուլում ավագ բուժաշխատողների համար նախատեսված է 220 շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտ, դեղագետների համար՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողների համար՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործների համար՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Նշված ՇՄԶ կրեդիտները բուժաշխատողները ձեռք են բերում՝ մասնակցելով տարբեր դասընթացների, գիտաժողովների: Կրեդիտավորված միջոցառումներին մասնակցությունը կամավոր է, և բուժաշխատողն ինքն է որոշում, թե իր մասնագիտությանը վերաբերող որ միջոցառմանը կամ հարակից համարվող միջոցառմանը մասնակցի: Սակայն, հաշվի առնելով արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նոր ձևավորվող մշակույթը, ըստ նախարարի տեղակալի, անհրաժեշտ է որոշ դասընթացներ պարտադիր դարձնել բուժաշխատողների համար՝ ապահովելով տարբեր իրավիճակներում վերջիններիս պատրաստվածության բարձ մակարդակ:
Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող ՇՄԶ դասընթացներ, որոնց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի ՀՀ Կառավարության կողմից: Որպես օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները:
Առաջարկվող լրացումներով նախատեսվում է օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումներին մասնակցելու համար նախատեսել բուժաշխատողի մասնակցության համար որոշակի չափով փոխհատուցում՝ դրանով նպաստելով միջազգային կրթության մասնակցությանը:
Լենա Նանուշյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ գործնական գիտելիքների զարգացմանն ուղղված Կառավարության կողմից իրականացվող հետևողական, շարունակական աշխատանքների, օնլայն դասընթացների արդյունավետության վերաբերյալ:
Հարակից զեկուցող, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Հունանյանը կարևորել է պարտադիր դասընթացային ձևաչափով անցկացվող դասընթացներին վերաբերող նախագծի ընդունումը: Ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ պատգամավորն առաջարկել է կողմ քվեարկել:
Ելույթներում պատգամավորները կարևորել են քննարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը, որի նպատակն է ունենալ բարձր, որակյալ բժշկական սպասարկում, բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Այս համատեքստում ընդգծվել է դասընթացների ավարտին գիտելիքների ստուգման համապատասխան թեստավորման անհրաժեշտությունը:
Եզրափակիչ ելույթում Հռիփսիմե Հունանյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտն անընդհատ կատարելագործվելու անհրաժեշտություն ունի:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը ևս մեկ անգամ ընդգծել է բուժաշխատողների պարտադիր դասընթացների անհրաժեշտությունն ու կարևորությունը: