ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ԱԺ ամբիոնից պատասխանելով ընդդիմադիր գործընկերների հայտարարություններին, թե ԼՂՀ-ի լուծարման փաստաթուղթը վավեր չէ, հարց ուղղեց նրանց՝ այդ դեպքում ինչու էին ամեն ինչ անում, որ ԼՂ բնակչությունը դուրս գա Արցախից:
«Ասեիք՝ վավեր չի, ինչի՞ էիք համոզում, որ հանձնեն Արցախը, ինչի գնացիք դաշնակներով նախագահ ընտրեցիք, ով լուծարեց (ԼՂՀ-ի լուծարման փաստաթուղթը- խմբ.): Ես ձեր տրամաբանությունն էլ չեմ հասկանում, դուք ձեր տրամաբանությունը հասկանո՞ւմ եք: Այսինքն՝ եկել ասում եք՝ այդ փաստաթուղթը վավեր չի, բայց այդ փաստաթուղթը ստորագրելու հիմքով Արցախի ժողովուրդը բռնի տեղահանվել է ձեր գործողությունների արդյունքում:
Մեզ հիմա ընդդիմությունն առաջարկում է, որ մենք հանդիպենք Լեռնային Ղարաբաղի պատգամավորների հետ: Ես ցանկություն չունեմ անձնապես հանդիպել ԼՂ պատգամավորների հետ: Դուք լսե՞լ եք՝ ԼՂ պատգամավորները ինչ լեքսիկոնով, ինչ բառամթերքով են խոսում Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ԱԺ-ի մեծամասնության մասին: Խայտառակություն ուղղակի:
Ու դուք մտածում եք՝ մենք իրենց հետ պետք է հանդիպե՞նք: Իրենց հետ նախ՝ իրավապահները պետք է հանդիպեն, հասկանան՝ ինչ պայմանավորվածությունների արդյունքում լուծարեցին ԼՂ-ն, և ներողություն, ժողովրդական լեզվով ասած՝ յուղը վրան զենքերն ու պատրոններն էլ հանձնեցին, նվիրեցին ադրբեջանցիներին: Կամ էլ չգիտեմ՝ էլ ում նվիրեցին: Դա դուք լավ կիմանաք»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նա ընդդիմությանը մեղադրեց Լեռնային Ղարաբաղից հրաժարվելու համար:
«Դո՛ւք եք հրաժարվել Լեռնային Ղարաբաղից, դո՛ւք եք պալատական հեղաշրջում արել և վաճառել Լեռնային Ղարաբաղը ու ամեն ինչ արել եք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բռնի տեղահանվի ու զրկանքների միջով անցնելով՝ գա այստեղ: Ձեր սիրելի Արցախի նախագահին էլ ուղղաթիռով բերեցիք այստեղ՝ չգիտեմ ինչ պայմանավորվածությունների արդյունքում»,- նշեց պատգամավորը: