Կառավարությունն օգոստոսի 29-ի նիստում հավանություն տվեց մեր երկրում «Յուվենտուս» ակադեմիա հիմնելու նախագծին:
Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը, շնորհալի ֆուտբոլիստների բացահայտմանը նպաստող այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար «Նեքսթ Ջեն Սպորտս» ընկերությանը հատկացվում են անհրաժեշտ տարածքներ:
Միայն «Հրազդան» մարզահամալիրի ձեռքբերման համար ընկերությունը պետք է վճարի 3 միլիարդ 36 միլիոն դրամ: Բացի այդ, պետք է նույն տարածքում անի 1,2 միլիարդի ներդրում:
Ի դեպ, խոսքը «Հրազդան» մարզադաշտի մասին չէ, որն ունի սեփականատեր: Սա պահուստային մարզադաշտ է, որը մինչև այս պահը Պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում էր:
Ծրագրի իրականացման համար Ավան վարչական շրջանում հատկացվելու է անհատույց օգտագործման տարածք: Այն նախկինում տնօրինում էին Ֆուտբոլի ֆեդերացիան և Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:
Ֆուտբոլի ֆեդերացիան ողջունում է Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի հիմնումը և դրական է արձագանքել իր տնօրինած տարածքն այլ օգտագործողի հատկացնելու որոշմանը:
Ինչ վերաբերում է Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցին, այն կշարունակի գործել. պետությունն օգտագործման համար կհատկացնի այլ տարածք:
Հեղինակավոր ակումբի հայաստանյան ակադեմիայի ստեղծման խնդրի բոլոր ասպեկտները՝ Մուշեղ Իսախանյանի անդրադարձում: