Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող` Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, այլոց համար վտանգավոր եղանակով, կրակոցներ արձակելու, դրա արդյունքում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (սպանություն) 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի (սպանության փորձ), 335-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը, պահելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Ձևավորվել է քննչական խումբ և իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ` դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաբժշկական փորձաքննություններ։
Առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված է։ Միջոցներ են ձեռնարկվում վերջինիս, ինչպես նաև հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ընթացիկ արդյունքների մասին հետագայում տեղեկատվություն կտրամադրի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը կրակել է ոստիկանների ուղղությամբ․ մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Ոստիկանությունից հայտնել են, որ սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչը․ նա զինված է։
Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։