Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին և 5-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվիի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության պատվիրակությանը:
Այցի նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռների և որոշումների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ՄԻԵԴ-ի վճիռների կատարման համակարգման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի մի շարք անդամների, այդ թվում՝ գործադիր իշխանության մարմինների, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես ՄԻԵԴ-ի վճիռների կատարումից բխող անհատական բնույթի միջոցառումների, այնպես էլ Հայաստանի կողմից ձեռնարկված ընդհանուր միջոցառումների հետ կապված հարցեր, այդ թվում՝ համակարգային բարեփոխումները և դրանց ուղղված քայլերը, որոնք ձեռնարկվել են քրեական արդարադատության, զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման, ոստիկանության, քրեակատարողական հիմնարկներում առողջության ապահովման, դատական ակտերի կատարման, անգործունակության ինստիտուտի, խտրականության արգելքի և այլ ոլորտներում:
Պատվիրակության կողմից բարձր գնահատանքի է արժանացել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող լայնածավալ բարեփոխումների գործընթացը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն քննարկված միջոցառումների վերաբերյալ կոնկրետ գործերի շրջանակներում ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացնել թարմացված տեղեկություններ և շարունակել համագործակցությունը ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ: