Ամռան ամիսներին Շիրակի մարզային գրադարանն իրականացրել է 33 միջոցառում, որոնցում ընդգրկվել է 1849 նոր ընթերցող. հաճախումների քանակը կազմել է 39230: Ամռանը գրադարան է այցելել Շիրակի մարզի 21 դպրոցների ու նախակրթարանների 645 սան: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
«Ամառը գրադարանում» ծրագրի մեկնարկը տրվել է հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ՝ ցուցադրություններ, գրքերի շնորհանդեսներ, գրողների հետ հանդիպումներ, գրքերի քննարկումներ, հեքիաթի ժամեր և ուսուցողական ճանաչողական այցեր:
Ամռանը գործել են ընթերցարանային բաժնի բացօթյա ընթերցասրահը, բացօթյա հեքիաթի անկյունը, Արվեստի բաժնին կից ստեղծված «Վերնահարկ» սրահը, որն ապահովել է բանավեճ-քննարկումների անցկացման համար հարմարավետ միջավայր:
Ընթերցողների խնդրանքով ամռանը գրադարանը հյուրընկալել է ժամանակակից գրող Աշոտ Աղաբաբյանին: Հեղինակի հետ հյուր էր նաև նրա գրքի հերոսներից մեկը՝ Ջոն Հաննիսյանը: Հեղինակն իր մակագրությամբ գրքեր է նվիրել գրադարանին և ընթերցողներին:
Ամռանը գրադարանում գործել են տարվա հոբելյարներին՝ Ակսել Բակունցին, Երվանդ Քոչարին, Երվանդ Մանարյանին, Ալեքսանդր Պուշկինին, Ալեքսանդր Դյումա Որդուն, Էռնեստ Հեմինգուեյին, Յոհան Վոլֆգանգ Գյոթեին նվիրված գրքային ցուցահանդեսներ:
Միջազգային համագործակցության շրջանակում գրադարանի և Ռուսաստանի Դաշնութան Նիժնի Նովգորոդի Ֆեոդոր Դոստոևսկու անվան կենտրոնական գրադարանի հետ անցկացվել է միջազգային պոետիկ օնլայն-մարաթոն:
Գրադարանավար Սիրանույշ Հարությունյանը, մասնակցելով «Մշակույթի թելեր 2024 թ.» միջազգային ստեղծագործական մրցույթին, «Լավագույն մեդիապրոյեկտ» անվանակարգում գրավել է 2-րդ տեղը: