Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվելուց հետո առաջին անգամ հայտարարություն է տարածել։ Նրա խոսքով՝ եթե որևէ պետություն դժգոհ է ինտերնետ ծառայությունից, ապա հայցադիմում է ներկայացվում հենց ծառայության, այլ ոչ թե հարթակի սեփականատիրոջ դեմ։
Դուրովի խոսքով՝ առցանց ծառայության գործադիր տնօրենին երրորդ անձանց կողմից իր ղեկավարած հարթակում կատարված հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելը սխալ մոտեցում է։
«Մենք ամեն օր հեռացնում ենք միլիոնավոր վտանգավոր գրառումներ և ալիքներ: Մենք ամեն օր հրապարակում ենք թափանցիկության մասին զեկույցներ»,- գրել է նա իր բլոգում: Դուրովն իր առջև նպատակ է դրել բարելավել իրավիճակը՝ հանցագործների կողմից Telegram-ի չարաշահումը կանխելու առումով։
Դուրովին օգոստոսի 24-ին բերման են ենթարկել Փարիզի օդանավակայանում։ Ձեռնարկատերը կասկածվում է տասը իրավախախտման և հանցանքի համար, այդ թվում՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի գործարքներ իրականացնելու նպատակով առցանց հարթակի կառավարմանը մեղսակցության համար: Օգոստոսի 28-ի երեկոյան Telegram-ի հիմնադիրը հինգ միլիոն եվրո գրավի դիմաց ազատ է արձակվել։ Նրան արգելել են լքել Ֆրանսիայի տարածքը։