Հայաստանում եւ, մասնավորապես, Երևանում, էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ոլորտը կանոնակարգված չէ, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել օրենսդրությամբ սահմանելու դրանց երթևեկության կանոնները: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում:
Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ Դավիթ Համբարյանի՝ մանրակրկիտ ուսումնասիրվել են և՛ ոլորտը, և՛ խնդիրը, ինչպես նաև միջազգային փորձը՝ հարցին համապարփակ լուծումներ տալու համար: Սահմանվել են նման փոխադրամիջոցների բնութագրերը և հնարավոր սահմանափակումները: Ըստ այդմ՝ 18 տարեկանից բարձր տարիք ունեցող, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցներով երթևեկությունը կթույլատրվի հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով:
Նախագծով սահմանվել է, որ օրենքով նախատեսված կարգավորումներից բացի, համայնքում անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության արգելված վայրերը սահմանվելու են համայնքի ավագանու կողմից:
Անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկությանը ներկայացվող պահանջները խախտելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Մասնավորապես, ապրանքների առաքում իրականացնող հեծանիվ կամ մոպեդ վարող անձի կողմից հեծանիվը կամ մոպեդն առանց սաղավարտի կամ չկոճկված սաղավարտով վարելու համար նախատեսվել է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթնապատիկի չափով:
«Կազմակերպությունների համար, որոնք վարձակալությամբ տրամադրում են նման սարքավորումներ, նախատեսված է նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով տուգանք, եթե օրենքով սահմանված կարգով ճիշտ կահավորված չէ տվյալ սարքավորումը: Սարքավորումը պետք է ունենա նաև արագության չափման սարք»,- մանրամասնել է Ներքին գործերի նախարարի տեղակալը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով ինքնագլորների կայանատեղերի կանոնակարգմանը, անչափահասների` նման սարքերի կիրառման վերահսկողությանը վերաբերող խնդիրներին:
Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ խոսքով առանցքային է մնում պատշաճ իրազեկման և վերահսկողության հարցը: Նա առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կազմակերպել քննարկում նախագծի վերաբերյալ:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ լայն կիրառում ստացած անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների գործունեությունը կարգավորելու անհրաժեշտություն կա: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախագծին:
Եզրափակիչ ելույթում ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող կարգավորումներով բոլոր հիմնական ռիսկերը հնարավորինս հասցեագրվել են: Տուգանքների չափերը սահմանելիս կիրառվել է բալանսավորված մոտեցում:
Օրենսդրական փաթեթն արժանացել է դրական եզրակացության: