ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդունել է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն, երգահան Սյուզաննա Թովմասյանին և «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանին:
Դանիել Դանիելյանը շնորհավորել է Անահիտ Հակոբյանին մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել միջազգային հարթակներում՝ կարևորելով Հայաստանի ներկայացվածությունը տարբեր միջազգային ստուգատեսներում և մրցույթներում:
Անահիտ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանը միջազգային այս հարթակում ներկայացնելը, և իր բոլոր ջանքերն ուղղված էին մեր երկիրը բարձր մակարդակով ներկայացնելուն:
Պետություն-մասնավոր հատված համագործակցության համատեքստում նախարարի տեղակալը և «Թովմասյան» հիմնադրամի տնօրենը քննարկել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր և նախանշել փոխգործակցության հնարավոր տարբերակներ ու ձևաչափեր:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԿԳՄՍՆ նոր նախաձեռնությանը, ըստ որի՝ նոր ուսումնական տարին անցնելու է մշակութային կրթության տարվա խորագրի ներքո: «Այն միտված է երեխաների ստեղծագործական կարողությունների բացահայտմանն ու նախաձեռնողականության խթանմանը: Ուսումնական տարվա շրջանակում կազմակերպվելու և իրականացվելու են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք մեկնարկելու են մշակութային կրթությանը նվիրված էքսպոյից»,- ասել է նախարարի տեղակալը և առաջարկել հնարավոր համագործակցության ծրագրերը ձևավորել մշակութային կրթության համատեքստում: