ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկացնում են՝ Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է նորարարական համապարփակ կառավարման համակարգ առաջարկող «Սիֆոռա» ընկերություն, որը պետական և հանրային ոլորտների ղեկավարներին տրամադրում է տեխնոլոգիաներ և գործընթացներ՝ ընթացիկ և հատկապես արտակարգ իրավիճակներն ամբողջությամբ վերահսկելի դարձնելու համար:
Նախարարը «Սիֆոռայի» համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Մանասյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության գրասենյակում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և սպասվող ծրագրերին: «Սիֆոռա» համակարգը մեկտեղում է հրամանավորման, հրահանգման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տվյալների հավաքագրման ու վերլուծության ենթահամակարգերը, ունի ապակենտրոնացված ճարտարապետություն, թույլ է տալիս ծրագրին ինտեգրել տարբեր սարքավորումներ՝ անկախ իրենց տեսակից և արժեքից։ Այս հարթակը հանրային անվտանգության, պաշտպանական և արտակարգ իրավիճակներով զբաղվող կառույցներին ու կազմակերպություններին հնարավորություն է տալիս հաջողությամբ իրականացնել իրենց հիմնական առաքելությունները արագ փոփոխվող և բարդ իրավիճակներում:
Ներկայացվել է նաև ընկերության կողմից բաց աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության վերլուծական շտեմարանը, որը նպաստում է արդի աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համակարգի ստեղծմանը: Նախարարը բարձր է գնահատել ընկերության այս աշխատանքը ևս՝ ընդգծելով դրա կարևորությունը հատկապես էական փորձագիտական, վերլուծական բովանդակություն տրամադրելու համատեքստում:
Հանդիպման ընթացքում նախարար Հայրապետյանը խոսել է նախարարության ծրագրերից, մասնավորապես, ռազմարդյունաբերական և պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտից: Նա նշել է, որ ձեռնարկվում են հնարավոր բոլոր քայլերը ոլորտում էական արդյունքների հասնելու համար:
Հանդիպման արդյունքում երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ինչը էականորեն կնպաստի ոլորտի հետ համագործակցության ամրապնդմանը։ Այս համատեքստում ձեռք են բերվել պայմանավորվածություններ:
Հատկանշական է, որ «Սիֆոռան» փորձարկվել է տարբեր զորավարժություններում և իրական մարտական իրավիճակներում: