Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ ոչ ոստիկանական գործառույթները (հատկապես պետության կողմից մատուցվող հանրային ծառայությունները) քաղաքացիական ծառայության մատուցման ձևով տեղափոխվել են նախարարության տիրույթ՝ Ոստիկանության զարգացումը ապահովելով որպես մասնագիտացված կառույցի և այդպիսով վերջինիս թողնելով զուտ ոստիկանական գործառույթների իրականացումը։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ այս սկզբունքային մոտեցման կիրառման արդյունքում սեպտեմբերի 6-ից նախարարության կազմում ամբողջ ծավալով սկսել է գործունեություն ծավալել hաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչությունը։
Սա թերևս առաջին քայլն է հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման գործառույթը քաղաքացիական ծառայության տիրույթ տեղափոխելու և այն քաղաքացիական նախարարության վերահսկողությամբ կազմակերպելու հարցում։
Այս քայլին պետք է հաջորդի քայլերի շարք, որը թույլ կտա որակական առումով փոփոխություններ ապահովել մատուցվող ծառայությունների ոլորտում (հերթերի կառավարման նոր համակարգ, որը կանխատեսելի կլինի քաղաքացու համար, թվային հարթակում առանց ծառայություն այցելելու մի շարք գործողություններ կատարելու հնարավորություն, վարորդական քննությունների կարգի բարելավում և այլն)։
Վարչությունը կիրականացնի գործառույթներ լիցենզիաների տրամադրման, տրանսպորտային միջոցների հաշվառման, գրանցման և մի շարք այլ ուղղություններով։
Վարչության գործառույթները վերաբերում են հետևյալ ուղղություններին․
-
պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների արտադրության, ներմուծման և արտահանման, առևտրի, պահեստավորման, տեղափոխման, կիրառման և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաների տրամադրում,
-
հրագործական արտադրատեսակների արտադրության, ներմուծման և արտահանման, առևտրի, պահեստավորման, տեղափոխման և կիրառման լիցենզիաների տրամադրում,
-
մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիայի տրամադրում,
-
հրաձգարանի գործարկման լիցենզիայի տրամադրում,
-
քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի լիցենզիայի տրամադրում,
-
զենքի հարդարման լիցենզիայի տրամադրում,
-
թիկնապահի, պահնորդի և հրաձգության հրահանգչի որակավորում,
-
տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում և արգելադրում, սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշների տրամադրում,
-
հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվության տրամադրում,
-
գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառում, հաշվառումից հանում և տեխնիկական վկայագրերի ու պետական համարանիշների տրամադրում,
-
ինքնագնաց ճանապարհաշինական, շինարարական տեխնիկայի և այլ մեքենամեխանիզմների կադաստրի վարում, հաշվառում, հաշվառումից հանում և տեխնիկական վկայագրերի ու պետական համարանիշների տրամադրում,
-
վարորդական վկայական ստանալու համար քննությունների ընդունում և տրանսպորտային միջոցներ վարելու ազգային և միջազգային վարորդական վկայականների տրամադրում, տրակտորիստ-մեքենավարների գիտելիքների ստուգման և վարման իրավունքի վկայականների տրամադրման համար որակավորման քննությունների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև կարգի փոփոխման, վկայականների փոխանակման և կրկնօրինակների տրամադրման գործընթացի իրականացում։
«Ներքին գործերի նախարարության կառուցվածքային նոր տրամաբանության հիմքում քաղաքացիների համար առավել թափանցիկ ու հաշվետվողական դառնալու հանձնառությունն է՝ արդյունքում համակարգն առավելագույնս համապատասխանեցնելով քաղաքացիակենտրոն կառավարման սկզբունքներին»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։