Գործադիրը հաստատել է դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը:
Իրավական ակտի կիրառման դեպքում նախատեսվու է, որ, մասնավորապես՝ հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին դրոշմապիտակների համար վճարվելիք գումարը այսուհետ կվճարվի հայկական տնտեսավարողներին և իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Նախատեսվում է նաև ունենալ մեկ դրոշմապիտակի ձև ամբողջ ԵԱՏՄ-ի համար, ինչը զգալիորեն կպարզեցնի ապրանքների արտադրման գործընթացը: Համակարգի ինտեգրումը համապատասխան պետական մարմինների հետ կապահովի ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլի վերահսկումը՝ արտադրությունից կամ ներմուծումից մինչև սպառում:
Հիմնավորման համաձայն՝ հնարավոր կլինի շատ ավելի ճշգրիտ գնահատել շրջանառվող ապրանքների քանակը և, հետևաբար, զգալիորեն նվազեցնել ստվերը։ ՀՀ-ում ներդրված է ժամանակակից էլեկտրոնային համակարգ, որը ներդաշնակ ինտեգրվում է ԵԱՏՄ երկրների տնտեսության հետ և ծառայում է Հայաստանում շրջանառվող ապրանքների քանակի և որակի իրական ժամանակում վերահսկողությանը (real-time trace and control)։ Ինչպես նաև համակարգը նպաստում է թվային տնտեսության հետագա զարգացմանը՝ հնարավորություն տալով ինտեգրվելու նաև այլ G2B և B2B էլեկտրոնային ծառայությունների հետ, օրինակ՝ էլեկտրոնային հարկային հաշիվներ, ռիսկերի գնահատում, շուկայի գնահատում, ապահովագրություն և այլն։