ԲԴԽ անդամներ Երանուհի Թումանյանցը, Քրիստինե Մկոյանը, Կարեն Թումանյանը և Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել են ԵԽ Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քլեր Օվեյին, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարին և Տատյանա Կոժոկարուին: Այս մասին տեղեկացնում է Դատական իշխանությունը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը, նրա տեղակալը ու Վճիռների և որոշումների կատարման վարչության պետը։
Քննարկման առանցքային թեման եղել է ԲԴԽ որոշումների բողոքարկման ինստիտուտի ներդրումը, դրա համապատասխանեցումը միջազգային ստադարտներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ այս պահին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող գործերին:
ԲԴԽ անդամ Կարեն Թումանյանը ներկայացրել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում ԲԴԽ որոշումների բողոքարկման մեխանիզմները և մանրամասնել է նախատեսվող երկու պալատների գործունեության առանձնահատկությունները:
ԲԴԽ անդամները կարևորել են այս հարցում միջազգային փորձի ուսումնասիրումը, և այդ համատեքստում՝ եվրոպացի գործընկերների, հատկապես ՄԻԵԴ դատավորների խորհրդատվությունը: