ԱՄՆ Ջորջիա նահանգի «Ապալաչիի» միջնակարգ դպրոցում չորեքշաբթի 14-ամյա աշակերտը կրակ է բացել։ Առնվազն չորս մարդ զոհվել է, ևս ինը՝ վնասվածքներով հոսպիտալացվել, հայտնել է Ջորջիայի Հետաքննությունների բյուրոն: Դեռահասը սպանել է երկու 14-ամյա դասընկերոջը և 39-ամյա ու 53-ամյա ուսուցիչներին: CNN-ի աղբյուրների համաձայն՝ վիրավորների թիվը կարող է հասնել մինչև 30-ի։
Իշխանությունների տվյալներով՝ ոստիկանները Ուինդեր քաղաքի դպրոց են ժամանել կրակոցների սկսվելուց մի քանի րոպե անց, իսկ կրակ բացած աշակերտն անմիջապես հանձնվել է իրավապահներին։ Հարձակվողը՝ Քոլթ Գրեյը, ձերբակալվել է և մեղադրվում է սպանության համար, նա դատվելու է որպես չափահաս։
Անցյալ տարի դպրոցականին ոստիկանությունը հարցաքննել էր՝ կապված անանուն հաղորդագրությունների հետ այն մասին, որ Գրեյը համացանցում սպառնացել է հրաձգություն կազմակերպել դպրոցում: Այդ հարցաքննության ժամանակ աշակերտը հերքել է մեղադրանքը։
Ոստիկանությունն առայժմ ապացույցներ չունի, որ Գրեյը հանցակից է ունեցել: Միևնույն ժամանակ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները մոտակա դպրոցներում: