Բելառուսի զինվորականները հայտարարել են, որ սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը պետական սահմանի խախտում է գրանցվել՝ ենթադրաբար անօդաչու թռչող սարքերով: Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Սերգեյ Ֆրոլովը հայտնել է, որ ժամանակին ձեռնարկած գործողությունների շնորհիվ երկիր ներխուժած բոլոր թիրախները ոչնչացվել են: Բարձրաստիճան զինվորականը չի հստակեցրել, թե դրանք ում անօդաչու սարքերն են։ Կատարվում է հետաքննություն, ասվում է հաղորդագրության մեջ։
Беларускі Гаюн մոնիտորինգային նախագծի տվյալով՝ դրանք ռուսական կողմից արձակած իրանական «Շահեդ» տեսակի կամիկաձե անօդաչու սարքեր էին, որոնց կործանիչները խոցել են Գոմելի մոտակայքում:
Նույն աղբյուրը նաև հայտնել է, որ առաջին դեպքը չէ, երբ անօդաչու սարքերը խախտում են բելառուսական սահմանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Беларускі Гаюн-ը, այս ամռանը «Շահեդները» առնվազն չորս անգամ ներխուժել են Բելառուս, ինչի պատճառով օդ են բարձրացվել ռազմական ինքնաթիռներ։