ԱԺ-ի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ակնարկել է, որ Ադրբեջանը չի ուզում խաղաղության պայմանագիրը կնքել 1991-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Նա ասել է, որ Հայաստանի շահերից է բխում խաղաղության պայմանագրի կնքումը հենց Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ինչն էլ Հայաստանն արել է բանակցություններում:
«Իրենք բոլոր հարթակներում, նույնիսկ խորհրդարանական հարթակներում, Եվրանեսթում մի անգամ նման իրավիճակ եղավ, մի քանի այլ դրվագով էլ եմ հիշում, ամեն ինչ անում են Ալմա-Աթայի հռչակագրից խուսափելու համար ու զարմանալիորեն դա նաև անում են մեր ընդդիմադիրները Հայաստանում, դա շատ հետաքրքիր է ի դեպ, որ ինչի պիտի էդպես լինի՝ եթե նրանց ձեռնտու չէ, պիտի որ մեզ ոնց որ ձեռնտու լիներ: Ինչո՞ւ: Որովհետև Ալմա-Աթայի հռչակագիրը ֆիքսում էր Սովետական Միության փլուզման պահին եղած սահմանները, եղած սահմանները Սովետական Միության փլուզման պահին: Ու ենթադրում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում որևէ սահման ֆիքսել, իսկ մենք ցանկանում ենք եղած սահմանները, այսինքն, Սովետական Միության ժամանակ եղած սահմանները ֆիքսել»,- նշել է Արման Եղոյանը: