ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը մասնակցել են կապալառու, որակի տեխնիկական ու հեղինակային հսկողություններն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տեղում իրականացվում էին շինարարական հրապարակի կազմակերպման աշխատանքներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ավելի վաղ չհամաձայնեցված վերականգնողական աշխատանքների ընթացքում հուշարձանի տեսքն աղավաղած կարանախցումների ապամոնտաժում:
Միաժամանակ, քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները: Համաձայնեցվել է վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ՝ պատերի արտաքին և ներքին մակերևույթների կարանախցման և դրանց տարբերության, ռոտոնդայի իրականացման և այլն:
Եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։