Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է համարել տարիներ շարունակ «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության գործունեությունը Հայաստանում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում զարգացման միտումներն ու առկա ներուժը, մտքեր փոխանակել ընկերության կողմից Հայաստանում հնարավոր նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ: